Twitter-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ անկում է գրանցել
Twitter ընկերության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են: Նյու Յորքի ֆոնդային բորսայի աճուրդներում երեքշաբթի օրը դրանց գինը նվազել է 3 տոկոսով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 13,9 դոլարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա նվազագույն գինն է, որ գրանցել են ընկերության բաժնետոմսերը 2013 թվականի նոյեմբերից ի վեր, ինչ Twitter-ը բորսա է դուրս եկել:
Փորձագետների գնահատականով՝ միայն այս տարի Twitter-ի բաժնետոմսերն էժանացել են 39 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ ընկերության ողջ պատմության ընթացքում՝ ավելի քան 65 տոկոսով:
Այս տարվա հունվարին ընկերությունից դուրս են եկել չորս փոխնախագահները: Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, հեռացումները հաջորդել են սոցիալական ցանցի նոր օգտատերերի թվի աճի տեմպերի անկումը կանգնեցնելու ընկերության ղեկավարության անկարողությանը։
Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվն այժմ մոտ 320 միլիոն է։










