Մեսսիից մարզաշապիկ ստացած 5-ամյա տղայի ընտանիքը հեռացել է երկրից` սպառնալիքներ ստանալով Թալիբանից

02:14 • 05.05.16

Աֆղանստանցի 5-ամյա տղայի ընտանիքը, ով մարզաշապիկ էր նվեր ստացել իր ֆուտբոլային հերոս Լիոնել Մեսսիից` վերջինիս ինքնագրով, ստիպված է եղել հեռանալ հայրենիքից` «Թալիբանից» մշտական սպառնալիքներով լի նամակներ ու հեռախոսազանգեր ստանալու պատճառով:

 

Ինչպես հաղորդում է Associated Press-ն, այս մասին բարձրաձայնել է երեխայի հայրը` Մուհամադ Արիֆ Ահմադին, ում որդին ամիսներ առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Մեսսիի` Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը սովորական պոլիէթիլենային տոպրակից պատրաստելու համար:


Մուհամադ Ահմադին տեղեկացրել է, որ իրենք տեղափոխվել են Պակիստան` հուսալով ավելի լավ կյանք գտնել այնտեղ:


Վերջինս նշել է, որ թալիբներից ստացվող սպառնալիքներն ավելի ու ավելի էին շատանում, և նա վախենում էր, որ նրանք կառևանգեն իր որդուն  համացանցում հայտնի դառնալուց հետո: