Բողոքի ակցիա. Հայաստանի եզդիական համայնքը պահանջում է ազատ արձակել կալանավորված եզդի գործարար Ջնդի Ամարյանին
Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները նամակ են հանձնել ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ դատախազությանը՝ պահանջելով շուտափույթ ազատ արձակել եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանին։
«Շամս» ՀԿ-ի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանը 2016 թվականի ապրիլի 2-ից անազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում)։ Եզդական համայնքի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ գործարարն անմեղ է։
«Ջնդի Ամարյանի կալանավորումն անօրինական է։ Մենք ոչ մի վստահություն չունենք պետական ապարատի նկատմամբ։ Մեր միակ հույսն այն է, որ ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելով Ջնդի Ամարյանի հարցի վրա, մենք կստանանք արդարացի լուծում»,-հայտարարել է եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։
Նա հայտարարել է, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իրենք նման ցույցերը պարբերական են դարձնելու և ամեն անգամ շատ ավելի մեծ թվով մարդիկ են փողոց դուրս գալու։
«Ջնդի Ամարյանի անազատությունը նաև եզդի ժողովրդի անազատությունն է»,-ասել է եզդի համայնքի ներկայացուցիչը՝ նշելով, որ եզդիական բոլոր կազմակերպություններն ու գյուղապետերն իրենց կնիքն են դրել հանձնված նամակներում։
Նա նշել է, որ եզդի համայնքը մեկ ամիս շարունակ չի բարձրաձայնել տեղի ունեցածի մասին՝ հաշվի առնելով ապրիլյան իրադարձություններն ու չցանկանալով խոչընդոտել նախաքննությանը։










