Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների մտահոգություններն իր նոր ռազմական դոկտրինի առնչությամբ
Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների մտահոգություններն իր նոր ռազմական դոկտրինի առնչությամբ, բայց կառաջնորդվի ազգային շահերով։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտգործնախարարի տեղակալ Վալենտին Ռիբակովը, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Բելառուսի՝ ՀԱՊԿ-ի իր գործընկեր երկրի նոր ռազմական դոկտրինի կապակցությամբ: ՀԱՊԿ անդամ հանդիսացող Բելառուսի նոր ռազմական դոկտրինն արգելում է այդ երկրի բանակի մասնակցությունը երկրի սահմաններից դուրս զինված գործողություններին:
«Քննադատել կարելի է ցանկացած փաստաթուղթ, անգամ, հավանաբար, Աստվածաշունչը… Մենք անում ենք ամեն ինչ մեր ազգային շահերը պաշտպանելու համար: Եթե դա մեկին դուր չի գալիս, մենք միշտ պատրաստ ենք քննարկել նրանց մտահոգությունը, փնտրել փոխզիջում»,- հայտարարել է Ռիբակովը։










