Դավութօղլուի ժամանակաշրջանի ավարտը. թուրք սյունակագրի անդրադարձն Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերություններին

15:16 • 05.05.16

Hürriyet թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին այսօր թերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա լարվածությանը, խոսել դրանց պատճառների և հավանական սցենարների մասին։

 

Անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

««Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում ուրբաթ օրվանից երևան եկած ճգնաժամն ավարտվեց երեկ նախագահի ու վարչապետի միջև կայացած հանդիպումով, որի ընթացքում որոշվեց կուսակցության արտահերթ համագումար հրավիրել։

 

ԱԶԿ-ում 2014 թվականի օգոստոսի 27-ից մեկնարկած «Դավութօղլուի ժամանակաշրջանը», այսպիսով, կավարտվի 2016 թվականի մայիսի 28-ին կայանալիք արտահերթ համագումարի ընթացքում (ավելի ուշ պարզ է դարձել, որ համագումարը կանցկացվի մայիսի 22-ին- Խմբ)։


Վարչապետ Դավութօղլուն կուսակցության ղեկավարի թեկնածու չի լինելու։


Մաքուր անուն է Ահմեթ Դավութօղլուն։ Կուսակցության ներսում էլ վեճերի չի գնալու և այդպես մաքուր ձևով էլ հանձնելու է պաշտոնը։ Նա հանձնելու է վարչապետի ու ԱԶԿ ղեկավարի պաշտոնը, սակայն շարունակելու է գործել որպես ԱԶԿ-ն ներկայացնող պատգամավոր։

 

Ինչն էր նման զարգացման իրական պատճառը
 

Հարաբերությունների խզման հիմնական պատճառը կուսակցության կառավարման խորհրդին նախորդած հեռախոսազրույցն էր վարչապետի ու նախագահի միջև։

 

«Ընկերներն ասում են, թե ձեր անունից են ստորագրություն հավաքում»,-ասել էր Դավութօղլուն, ինչին Էրդողանը պատասխանել էր. «Դա բնական է, ես նրանց առաջնորդն եմ»։

 

Հիմնաքարերից մեկն էլ վարչապետի ու նախագահի հանդիպումն էր։ Ակնկալվում էր, որ դրան Դավութօղլուն կներկայանա հրաժարականի դիմումը «գրպանը դրած»։ Սակայն հրաժարականի դիմումով գնալու փոխարեն խնդիրներն էր քննարկման սեղանին դրել և հարաբերությունների նոր մոդել էր փորձել առաջ տանել։

 

Նախագահ Էրդողանն էլ վարչապետի հետ հանդիպումից առաջ կարևոր անունների հետ էր հանդիպել:

 

Էրդողանը, սակայն, «պլան Ա»-ի վրա էր կենտրոնացել և երկրորդական պլան չուներ։

 

«Պլան Ա»-ն նախատեսում էր, որ Դավութօղլուն լքելու է պաշտոնը, և այն փոխանցվելու է Էրդողանի մատնանշած անձին։ Վստահելի աղբյուրներն ասում են, որ հանդիպման ընթացքում Էրդողանն ասել է. «Համագումար հրավիրենք, պաշտոնը հանձնեք»։

 

Դավութօղլուին հաջորդող ենթադրյալ 5 անունները

 

Կուլիսներում Դավութօղլուին հաջորդող թեկնածուների 5 անուն է նշվում. արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաք (Էրդողանի փեսան-Tert.am), առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլու, տրանսպորտի  նախարար Բինալի Յըլդըրըմ և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշ։

 

Սակայն նախագահն այս 5 անուններից որ մեկին մատնացույց կանի կամ ով կլինի թեկնածուն՝ դեռ հայտնի չէ։ Անշուշտ, Էրդողանի մտքում կա մեկը։ Նա առանց մի քանի քայլ առաջ մտածելու քայլ չի անի։ Նախագահին մոտ աղբյուրներն ասում են, որ «դա անսպասելի անուն չի լինի»։

 

Նախագահ Էրդողան-վարչապետ Դավութօղլու հարաբերություններում «ուժեղ նախագահ- աշխատասեր վարչապետ» մոդելն էր ընկած։ Դավութօղլուից հետո վարչապետի պաշտոնին նշանակվողի ու Էրդողանի հարաբերությունների նոր մոդել կստեղծվի։ Սակայն մի բան հստակ է՝ դե ֆակտո նախագահական համակարգ է կիրառվելու»։

Դավութօղլուի ժամանակաշրջանի ավարտը. թուրք սյունակագրի անդրադարձն Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերություններին