Հայաստանում դեռ բանը չի հասել 2 լավաշ գողանալու համար դատելուն. Երվանդ Վարոսյան
Հայաստանում դեռ շատ են դեպքերը, երբ մարդուն թեթև հանցագործության համար շատ ավելի ծանր մեղադրանք է առաջադրվում, բայց դեռ բանը չի հասել 2 լավաշ գողանալուն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մարդուն դատել 2 լավաշ «հափշտակելու» համար:
Նշենք, որ Datelex տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում նշվում է, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում է Արթուր Շահվերդյանի գործը, ում «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 8 շենքի դիմաց բացահայտ հափշտակել է Նարինե Ազոյանին պատկանող պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ եղել է երկու հատ` ընդհանուր 180 ՀՀ դրամ արժողության լավաշ»:
Նշվում է նաև, թիվ 11820015 գործն ուղարկվել է դատարան` Արթուր Շահվերդյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
Ըստ Երվանդ Վարոսյանի` սա նշանակում է, որ կան կասկածներ, որ անձն անմեղսունակ է և քանի որ միայն դատարանը կարող է որոշել անձի նկատմամբ հարկադիր միջոցներ` բուժում կամ այլ բան կիրառել, գործն ուղարկվել է դատարան:
Ծանոթանալով մեղադրական եզրակացության տեքստին` Երվանդ Վարոսյանը նշեց.«Ստացվում է, որ եթե անձը չլիներ անմեղսունակ, իր արարքը դիտվելու էր կողոպուտի փորձ, այսինքն` ես փորձում եմ հափշտակել չգիտեմ՝ ինչ, վերջում պարզվում է` հափշտակել եմ 2 լավաշ»։
Այսինքն` ըստ իրավաբանի` դրա համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, և այս բարդ հասկացությունը քրեական իրավունքում կոչվում է`«սխալը օբյեկտիվ էր»:
Օրինակ` անձը գնում է բանկի գումարը պահոցից գողանալու է և հետո պարզվում է , որ այնտեղից գողացած ոսկիները կեղծ են:
Այն հարցին, բայց չէ՞ որ պոլիէթիլենայի տոպրակում, ըստ տրամաբանության, չէր կարող թանկարժեք բան լինել, իրավաբանը պատասխանեց հարցով`«արդյո՞ք տոպրակը թափանցիկ էր, որ պարզ երևար, որ գողանալու դեպքում միայն 2 լավաշ է գողանում»:
Չնայած սրան, փաստաբանը կրկնեց, որ, ցավոք, այլ դեպքերը ՀՀ-ում շատ -շատ են` օրինակ բերելով հանրահայտ «պեչենու» պատմությունը:
Հիշեցնենք, որ ժամանակին համացանցում տարածվեց տեսանյութ, թե ինչպես են
ճանապարհային ոստիկանները բերման ենթարկում մի տղամարդու, ով փորձել էր Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից երկու տուփ «պեչենի» գողանալ:
Բոլորի հիշողության մեջ մնացել են այն կադրերը, թե ինչպես ՃՈ 7-8 հաղթանդամ ոստիկանները տղամարդուն, ինչպես ռեցիդիվիստի, նստեցրեցին ոստիկանական մեքենան և տեղափոխեցին:










