Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես են թալանում երևանյան համակարգչային խանութը (տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համակարգչային խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2016 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, քարով կոտրելով Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող համակարգչային խանութի մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք են գործել խանութի սրահ և հափշտակել 5 դյուրակիր համակարգիչ, 1 բարձրացուցիչ և 1 «Apple TV»՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի սրահում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնցում արձանագրված է գողության դրվագը. Կադրերում երևում է երկու տղամարդ, ովքեր քարով հարվածելով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին և սրահից հափշտակել տարբեր առարկաներ:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:










