Մեխիկոյում ավտոմեքենաների 40%-ին արգելել են երթևեկել

10:50 • 05.05.16

Մեխիկոյի իշխանությունները որոշել են քաղաքի փողոցներում 40 տոկոսով նվազեցնել բեռնատար և մարդատար ավտոմեքենաների թիվը՝ օդի ուժգին աղտոտվածության պատճառով, հայտնում է korrespondent.net-ը:

 

Քաղաքում արդեն մեքենաների երթևեկության սահմանափակում է մտցվել, որը խստացվել էր վերջին երեք օրերին:

 

Համաձայն քաղաքային իշխանությունների՝ դեռևս մարտին ընդունած որոշման՝ մեքենաների մեկ-հինգերորդ մասն աշխատանքային օրերին չպետք է օգտագործվի: Օրը, երբ մարդը կարող է օգտագործել իր ավտոմեքենան, պայմանավորված է նրա պետհամարանիշով:

 

Այդ սահմանափակումները, սակայն, դեռ լուրջ ազդեցություն չեն ունեցել էկոլոգիայի վրա:

 

Երեկ Մեխիկոյում պահպանվել է սմոգը, իսկ աղտոտվածության մակարդակը նորմայից բարձր է եղել: 

 

Քաղաքի իշխանությունները ենթադրում են, որ այդ ամենի մեղավորը Մեխիկոյին բնորոշ տաք եղանակն ու չոր գարունն է: Քամի գրեթե չկա, իսկ օրերը շատ արևոտ են: Դա ազդում է օզոնի վրա:
Ավտոմեքենաների օգտագործման արգելափակումները հանվելու են հունիսից, երբ կսկսի անձրևների սեզոնը, և քաղաքի օդը կմաքրվի:
 

Մեխիկոյում ավտոմեքենաների 40%-ին արգելել են երթևեկել