Եգիպտոսցի պաշտոնյան մերձարևելյան ճգնաժամի համար մեղադրել է Թոմին ու Ջերիին
Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Սալահ Աբդել Սադեքը Կահիրեի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի ու այնտեղ արմատավորվող ծայրահեղականության մասին` այդ ամենի համար մեղադրելով հայտնի մուլտհերոսներ Թոմին ու Ջերիին:
«Թոմի ու Ջերիի մասին մուլտֆիլմը բազմաթիվ պատճառներից մեկն է, որոնց հետևանքով արաբական աշխարհում տարածվում են բռնությունն ու արմատականությունը: Նույնիսկ եթե բռնությունը ներկայացվում է զվարճալի, կոմիկական տարբերակով, այն կրկին ագրեսիվության քարոզ է անում` խեղաթյուրելով երեխաների գիտակցությունը: Նմանատիպ մուլտֆիլմեր դիտող և դաժան բովանդակությամբ տեսախաղեր խաղացող երեխաների համար բռնությունը շատ սովորական երևույթ է դառնում»,- Al Arabiya-ն մեջբերում է պաշտոնյայի խոսքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս հայտարարությունից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր ծաղրել են Սադեքին` հիշեցնելով, որ Թոմ կատուն ու Ջերի մկնիկն ահաբեկիչներ չեն:










