Թուրքիայի վարչապետը մայիսի 5-ին կհայտարարի հրաժարականի մասին. աղբյուր

12:53 • 05.05.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է հինգշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հայտարարել իր հրաժարականի մասին: Այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։

 

Աղբյուրների տեղեկություններով՝ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչության նիստից հետո մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ նա կարող է հայտարարություն անել վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: Քննարկվում է նաև տարբերակը, որ հայտարարությունը կտարածվի առանց մամուլի ասուլիսի:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»:

 

Վերջին օրերին լրատվամիջոցները պարբերաբար խոսում են Էրդողան-Դավութօղլու լարված հարաբերությունների մասին՝ նշելով, որ նրանք տարաձայնություններ ունեն տարբեր կարևոր հարցերում:

Թուրքիայի վարչապետը մայիսի 5-ին կհայտարարի հրաժարականի մասին. աղբյուր