Չիլիում դպրոցականների խաղաղ ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների (տեսանյութ)
Չիլիի մայրաքաղաքում դպրոցականների բողոքի ակցիան ավարտվել է անկարգություններով: Այդ մասին հայտնել է չիլիական «24 horas» հեռուստաալիքը:
Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցին մասնակցել է 10 հազար մարդ: Ցուցարարները պահանջում են կրթական համակարգի բարեփոխում իրականացնել և բարձրացնել միջին և բարձրագույն կրթության որակը:
Խաղաղ հանրահավաքը վերաճել է ոստիկանության հետ բախումների, երբ ցուցարարների մի խումբ ուղղվել է Կրթության նախարարության շենք՝ խախտելով համաձայնեցված երթուղին։ Ցուցարարներին կանգնեցնելու համար իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:
2015 թվականի դեկտեմբերին Չիլիի խորհրդարանը երկար քննարկումներից հետո ընդունել է անվճար բարձրագույն կրթության մասին օրենքը: Նոր օրենքը սկսել է գործել արդեն այս ուսումնական տարվանից, որը երկրում սկսվել է մարտին: Սակայն, չիլիական համալսարանի ուսանողների ֆեդերացիայի տվյալներով, անվճար կրթությունը հասանելի է դարձել ուսանողների միայն 14 տոկոսին:










