ԵՄ-ում 400.000 փախստական երեխաներ զրկված են իրավական կարգավիճակից. ՄԱԿ
Եվրամիությունում 2015-ին ապաստան ստանալու համար դիմած ավելի քան 400.000 երեխաներ չունեն իրավական կարգավիճակ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (Unisef) կոչ է անում եվրոպական երկրների իշխանություններին, ովքեր քննարկում են փախստականներին և ներգաղթյալներին ապաստան տրամադրելու նոր կանոնները, առաջին հերթին հիմնվել անչափահասների իրավունքը հարգելու անհրաժեշտության վրա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալների համաձայն՝ ավելի քան 400.000 երեխաներ, ովքեր դիմել են ապաստան ստանալու համար 2015թ. հունվարից մինչև նոյեմբեր, այժմ գտնվում են իրավական վակուումի մեջ»,- ասել է պաշտոնյան:
Հիմնադրամի անունից նա կոչ է արել ԵՄ-ին ընդունել որոշումներ, որոնք կպաշտպանեն երեխաներին ռիսկերից, կապահովեն տեղեկատվության արագ փոխանակում միության անդամ պետությունների միջև, ինչպես նաև կերաշխավորեն, որ ցանկացած գործողություն իրականացվի` ելնելով յուրաքանչյուր երեխայի շահերից, ում չեն ուղեկցում ծնողները:










