Nissan-ի վարորդը Նորագավիթ-Երևան երկաթուղային գծերը հատելիս տապալել է արդեն փակված ուղեփակոցը

12:49 • 06.05.16

Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը 23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան երկաթուղային գծերի գծանցում առանց արգելակելու՝ բարձր արագությամբ հարվածել է արդեն փակված ուղեփակոցին, անցել երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվել է երկաթուղային գծանցի ուղեփակոցը:  


Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից և տեղեկացնում, որ միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն:   


«Այս միջադեպի վտանգը կայանում է նրանում, որ գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթեկության համար. մոտենում էր գնացքը: Ստեղծելով նման վտանգավոր իրավիճակ՝ վարորդը վերջին պահին կարողացավ շրջանցել գնացքը:


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների  պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:


Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:


Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը... 
 

Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին»,-ասվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաղորդագրությունում:

 

 

 

Nissan-ի վարորդը Նորագավիթ-Երևան երկաթուղային գծերը հատելիս տապալել է արդեն փակված ուղեփակոցը