Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

12:56 • 06.05.16

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գ.Մովսիսյանը և Գ.Կարապետյանը, 2016 թվականի փետրվարի 20-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս,  Բաշինջաղյան փողոցում նկատել են, որ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում՝ պահանջելով կանգնեցնել այն։


«Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը անհամաձայնություն են հայտնել՝  իրավախախտման համար ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կազմած արձանագրության կապակցությամբ,   վիճաբանել, քաշքշել և մարմնական վնասվածքներ հասցրել վերջիններիս։


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի  1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 

Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը