Վենեսուելայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է երկրում հեղաշրջման փորձ նախապատրաստելու համար

10:29 • 06.05.16

Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի իշխանություններին՝ հայտարարելով, որ ամերիկացիներն իր երկրում պարենային ապրանքների արհեստական դեֆիցիտ են ստեղծում, հայտնում է Lenta.ru-ն։

 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ այդ կերպ Միացյալ նահանգները փորձում է քաղաքացիների զայրույթը հարուցել ու պետական հեղաշրջում իրականացնել։

 

«Մենք ապացույցներ ունենք, որ ԱՄՆ-ի կառավարությունը նպաստում է Վենեսուելայում ապրանքների անբավարարությանը։ Առևտրային ցանցերը, որոնք պատկանում են արդյունաբերական էլիտային, միտումնավոր ճգնաժամ են ստեղծում, որպեսզի բնակչության դժգոհությունն առաջացնեն, իսկ հետո տապալեն սահմանադրական կարգը»,-հայտարարել է Ռոդրիգեսը։

 

Ավելի վաղ՝ մայիսի 2-ին, Վենեսուելայի ընդդիմությունն Ազգային ընտրական խորհուրդ էր ուղարկել 1,85 մլն ստորագրություն, որոնք հավաքել են Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի հարցով հանրաքվե անցկացնելու համար։

 

Բնակչության դժգոհությունը գործող իշխանություններից սաստկացել է, երբ երկիրը բախվել է պարենային ապրանքների անբավարարությանը։ Վերջին մի քանի տարիներին Վենեսուելան տնտեսական ճգնաժամի մեջ է։ Նավթի համաշխարհային գների անկումը խորացրել է իրավիճակը։

Վենեսուելայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է երկրում հեղաշրջման փորձ նախապատրաստելու համար