Այժմ լավություն անելու մեր հերթն է. Կանադայում հաստատված սիրիացիներն օգնություն են տրամադրում անտառային հրդեհներից տուժածներին (տեսանյութ)

10:39 • 07.05.16

Կանադայում հաստատված առնվազն 30 սիրիացի ընտանիք 5-ից 20 դոլար է նվիրաբերել, որպեսզի կանադական Ֆորտ ՄքՄյուրեյ քաղաքի` իրենց ունեցվածքը կորցրած բնակիչները կարողանան առաջին անհրաժեշտության պարագաներ գնել, հայտնում է CTV-ն։

 

«Դա նույնն է, ինչ տեղի է ունեցել փախստականների հետ: Նրանք կորցրել են ամեն ինչ»,- հայտնել է Կալգարիում սիրիացի փախստականների աջակցության խմբի համահիմնադիր Սայմա Ջամալը:

 

Նա հավելել է, որ շատ կանադացիներ օգնել են ներգաղթյալներին, երբ վերջիններս ընդամենը մի քանի ամիս առաջ եկել են այստեղ, իսկ այժմ եկել է ժամանակը, որ սիրիացիներն օգնեն տեղի բնակիչներին:

 

«Կանադացիները մեզ տրամադրել են ամեն ինչ, և մենք պարտական ենք նրանց։ Մենք պետք է օգնենք այն մարդկանց, որոնք կորցրել են իրենց տները»,- ասել է Ռիտա Հանչատը։

 

 

Նշվում է, որ տուժածներին օգնության կոչերն արագորեն տարածվում են: Մի խումբ կամավորներ շրջում են քաղաքով և սիրիական ընտանիքներից միջոցներ հավաքում բարեգործության համար:

 

Որոշ սիրիացիներ կահույք և հագուստ են փոխանցել: 5-ամյա սիրիացի մի տղա տվել է իր 2 խաղալիքն ու գրքերը:

 

Անտառային հրդեհներից ամենաշատը տուժած Ֆորտ ՄքՄյուրեյ քաղաքում մոտ 1.600 տուն է հրդեհվել: Քաղաքի ամբողջ բնակչությունը` ավելի քան 80.000 մարդ, լքել է այն:
 

 Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

Այժմ լավություն անելու մեր հերթն է. Կանադայում հաստատված սիրիացիներն օգնություն են տրամադրում անտառային հրդեհներից տուժածներին (տեսանյութ)