Հյուսիսային Կորեան միջուկային նոր փորձարկումների է պատրաստվում. փորձագետներ
Վաշինգտոնում Ջոնս Հոփքինսի անվան համալսարանին կից Միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցի Ամերիկա-կորեական ինստիտուտի հրապարակած զեկույցում ենթադրություն է արվում, որ մոտ ապագայում Հյուսիսային Կորեան մտադիր է միջուկային նոր փորձարկումներ անցկացնել իր գլխավոր՝ Փհունգերի պոլիգոնում, փոխանցում է Вести-ն:
Հետազոտության հիմքում տիեզերական արբանյակներից արված երկրի տարածքի լուսանկարների վերլուծությունն է։
Պոլիգոնի լուսանկարներում տեսանելի են ակտիվության մասին վկայություններ, այդ թվում՝ մեծ քանակությամբ մեքենաներ՝ հսկիչ-հրամանատարական կենտրոնի մոտակայքում:
Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալները կարող են վկայել այն մասին, որ միջուկային փորձարկումը կկայանա մոտ ապագայում։
Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների մասին հայտնել էր Հարավային Կորեան` սեփական տվյալներին հղումով։










