Հիմնական պատճառը, որ Ադրբեջանը հրաժարվել է ռազմական գործողություններից, իր կրած կորուստներն են. ԼՂՀ պաշտպանության նախարար

19:38 • 08.05.16

Եթե արտաքին ուժերի միջամտելու առկայությունը լիներ, Ադրբեջանը չէր էլ հարձակվի. «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում այս մասին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապրիլի սկզբին Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հրադադարի մի պայմանով, որ հայերը խոստանան` հարձակում չի լինի, դա արդյո՞ք արտաքին ուժերի միջամտության հետևանք էր, թե  զինվորների գործողությունների:


«Արտաքին ուժերի միջամտելու գործոնն իհարկե կա, բայց դա հիմնականը չէ: Հիմնական պատճառը, որ հրաժարվել է ռազմական գործողություններից ու այսօր էլ պատրաստ է գնալ զինադադարի, իր կրած կորուստներն են: Իր զինուժը տվել է հարյուրավոր կորուստներ: Այնպիսի զորքերի կորուստներ, որոնք համարվում են էլիտար: Ի՞նչ է դա նշանակում. 052 հետախուզական հատուկ նշանակության զորամասը, որը լրիվությամբ ընդգրկված է եղել գործողություններում, կրել է հարյուրավոր կորուստներ ու խուճապ է առաջացել»,-պարզաբանեց նախարարը:


Նախարարը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ քառօրյա պատերազմը հետախուզական էր: «Հետախուզություն մարտով տեսակետին համաձայն չեմ, քանի որ այդ ժամանակ ընդգրկվել էր զինուժի էլիտար զորամասը: Ի՞նչ է նշանակում հետախուզություն, եթե բոլոր ուղղություններում մինիմում տանկային գումարտակներ են ընդգրկված, երբ որ ընդգրկվել են կորպուսների ռեզերվները: Դա հետախուզություն մարտով չի, որի նպատակն է բացահայտել մարտակարգեր, ղեկավարման կետեր, կենտրոնացման շրջաններ, որպեսզի հետո հարվածներ հասցվեն: Բայց դա լայնամասշտաբ հարձակում էր»,-ասաց նա:


Իսկ թե ի՞նչ են սպասում շարքային քաղաքացիներից` հասարակությունից. Լևոն Մնացականյանը նշեց, թե ակնկալում է աջակցությունը նրա նկատմամբ, ինչ-որ արվում է զինված ուժերում:


«Ակնկալում եմ միասին անենք, ակնկալում եմ բոլոր իրականացվող միջոցառումներին վերաբերվել ըմբռնմամբ, ինչ որ արվում է, ներկայացնել իրենց անուններով, լինել զինվորի, սպայի կողքին, որովհետև ինչպես ժողովուրդն է բանակի կարիքը զգում, այնպես էլ բանակն է զգում: Մենք պետք է լինենք ավելի միասնական, քան երբևէ: Միասնական հաղթանակն ավելի հեշտ է լինելու մեզ համար»,-ասաց նա:
 

Հիմնական պատճառը, որ Ադրբեջանը հրաժարվել է ռազմական գործողություններից, իր կրած կորուստներն են. ԼՂՀ պաշտպանության նախարար