Ինքնաթիռում հավասարում լուծող դասախոսին կասկածել են ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ում American Airlines ավիաընկերության չվերթը հետաձգել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող տնտեսագիտության դասախոսի կողքին նստած կնոջը կասկածելի են թվացել գիտնականի գործողությունները, ով այդ ժամանակ դիֆերենցիալ հավասարում էր լուծում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փենսիլվանիայի համալսարանի դասախոս իտալացի Գվիդո Մենցիոյի խոսքերով՝ նա մտել է ինքնաթիռ, որը պետք է Ֆիլադելֆիայից ուղևորվեր Սիրակուզա:
Մենցիոն սկսել է հաշվարկներ անել, ինչից հետո լսել է, որ իր կողքը նստած կինն անձնակազմի անդամներին գրություն է փոխանցում: Նա մտավախություններ է հայտնել, որ իր հարևանը կենտրոնացած ինչ-որ բան է գրում թղթի վրա:
Նրա խոսքերով՝ ավելի ուշ մոտեցել են անհայտ անձինք և սկսել հարցնել, թե ինչով է նա այդ պահին զբաղված:
Այն բանից հետո, երբ դասախոսը ցույց է տվել իր գրառումները, ինքնաթիռը թռչել է, սակայն չվերթի ուշացման ժամանակը կազմել է մոտ երկու ժամ:










