Բրյուսելում սկսվել է թագավորության տարածքում ահաբեկչությունների պատրաստման համար կասկածվող անձանց դատը
Բրյուսելում այսօր սկսվել է բելգիական Վերվյե քաղաքից ահաբեկչական խմբի 16 ենթադրյալ անդամների դատը, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Երեք շաբաթ նախատեսվող դատական լսումների մեկնարկի առնչությամբ մայրաքաղաքի Արդարադատության պալատը, որտեղ դրանք անցկացվում են, ուժեղացված հսկողության տակ է առնվել։
2015 թվականի հունվարին Բելգիայի արևելքում՝ Վերվյեում, հակաահաբեկչական գործողության արդյունքում վնասազերծվել էին խմբավորման անդամները, որոնք ահաբեկչություններ էին պատրաստում թագավորության տարածքում։ Նրանցից երկուսը մահացել են հատուկ նշանակության ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում: «Տաք հետքերով» ձերբակալվել է 20-ից մինչև 38 տարեկան մի քանի կասկածյալ:
Քննությունը կարծում է, որ ենթադրյալ ահաբեկիչների գործողություններն այդ ժամանակ Հունաստանից ղեկավարել է Աբդելհամիդ Աբաուդը՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալներից մեկը: Նա սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն-Դենի արվարձանում ոստիկանական հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում:
RTBF-ի տեղեկություններով՝ կասկածյալները պատրաստում էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի, դատավորի կամ ոստիկանապետի առևանգումը:










