Բելառուսը հավատարիմ է բարիդրացիության և խաղաղասիրության քաղաքականությանը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում հայտարարել է, որ Բելառուսը հավատարիմ է բարիդրացիության և խաղաղասիրության քաղաքականությանը, որպեսզի հետագա սերունդներն ապրեն խաղաղ և անկախ երկրում, գրում է РИА Новости-ն:
«Այս օրերի մեծագույն ձեռքբերումը խաղաղությունն է և հանգստությունը մոլորակի և մեր հայրենի հողի վրա: Հիշելով պատերազմի դասերը՝ մենք բարիդրացիության և խաղաղասիրության հետևողական քաղաքականություն ենք վարում: Մեզ համար թանկ են ռուսների և ուկրաինացիների հետ եղբայրական հարաբերությունները, մենք բարձր ենք գնահատում այլ ազգերի և պետությունների հետ բարեկամությունն ու համագործակցությունը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ Բելառուսում հոգ են տանում երկրի անվտանգության մասին՝ մշտապես ամրապնդելով նրա պաշտպանական պոտենցիալը և պաշտպանելով միջազգային հարթակում ցանկացած խնդրի լուծման խաղաղ միջոցները:










