Գերմանիայում երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ. մանրամասներ միջադեպից

11:31 • 10.05.16

Մյունխենի մոտակայքում երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա մեկ զոհ և մի քանի վիրավոր, գրում է The Independent-ը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ենթադրյալ իսլամիստի հարձակման հետևանքով կա չորս վիրավոր:

 

Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գրաֆինգ քաղաքի կայարանում։ Կասկածյալն «Ալլահ աքբար» է բացականչել ու սկսել դանակահարել անցորդներին։ 

 

Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ տեղի ժամանակով 4:50-ի մոտակայքում: Հաղորդվում է, որ կարճ ժամանակ անց հարձակվողը ձերբակալվել է: 

 

Բավարիայի իրավապահ մարմիններից The Independent-ին հայտնել են, որ վիրավորներից մեկը եղել է ծանր վիճակում, բայց ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

 

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հանցագործությունը կարող է քաղաքական շարժառիթներ ունենալ, հայտնում է AFP-ն։

 

Գերմանիայում երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ. մանրամասներ միջադեպից