Գերմանիայում սպառնալիքների պատճառով փակվել է «Էրդողան-բուրգեր» վաճառող ռեստորանը

10:35 • 10.05.16

Գերմանական Քյոլն քաղաքում գտնվող Urban Burgery ռեստորանը ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքը՝ մենյուի մեջ «Էրդողան-բուրգեր» անվանումով ուտեստի հայտնվելուց հետո ստացված սպառնալիքների պատճառով, գրում է The Local-ը:

 

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին անվանված բուրգերը մենյուի մեջ հայտնվել է ապրիլի վերջին։

 

«Էրդողան-բուրգերը» գովազդվել է որպես «համեղ և հյութալի» և վաճառվել «այծի կաթից պատրաստված պանրի» հետ: Այդկերպ ուտեստի հեղինակներն ակնարկել են գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունը, որը նա ընթերցել էր գերմանական հեռուստաընկերության եթերում և որտեղ նա Էրդողանին մեղադրել էր սեռական այլասերումների համար։

 

Նշվում է, որ որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում ռեստորանի հասցեին սկսել են սպառնալիքներ և քննադատություն ուղարկել, ինչի հետևանքով սեփականատերերը գիտակցել են, որ չեն կարող երաշխավորել աշխատակիցների անվտանգությունը և փակել են ռեստորանը:

Գերմանիայում սպառնալիքների պատճառով փակվել է «Էրդողան-բուրգեր» վաճառող ռեստորանը