Հյուսիսային Կորեան հերքել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մահապատժի մասին լուրերը
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Լի Են Գիլը, որի մահապատժի մասին փետրվարին հաղորդել էին հարավկորեական աղբյուրները, ողջ է և երկրի ղեկավարության մեջ բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում:
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդել է մայիսի սկզբին Աշխատավորական կուսակցության համագումարի մասին՝ դրա մասնակիցների թվում հիշատակելով նաև Լի Են Գիլի անունը:
Գլխավոր շտաբի նախկին ղեկավարն Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, քաղաքական բյուրոյի ներկայացուցիչ և ԿԺԴՀ կենտրոնական ռազմական խորհրդի անդամ:
2016 թվականի փետրվարին Լի Են Գիլը Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն բացակայել էր մի քանի կարևոր միջոցառումներից: Հարավկորեական լրատվամիջոցները գրել էին, որ վերջինս մահապատժի է ենթարկվել կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեղադրանքներով:
Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը, որից էլ, հավանաբար, եղել էր նման տեղեկատվության արտահոսք, կտրականապես հերքում է նման տեղեկատվության հետ կապը:










