Պեսկովն ասել է՝ ինչու Պուտինը չի շնորհավորել Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին Հաղթանակի օրվա առիթով

14:05 • 10.05.16

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հաղթանակի օրվա առիթով Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին Վլադիմիր Պուտինի չշնորհավորելու փաստը բացատրել է պատշաճ երկխոսության մակարդակի բացակայությամբ, հայտնում է РИА Новости-ն:

 

«Դուք գիտեք, որ բացակայում է պատշաճ մակարդակով կամ ընդհանրապես բացակայում է, ինչպես Վրաստանի դեպքում, երկխոսությունը Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարությունների միջև: Պատշաճ մակարդակով երկխոսությունը բացակայում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- հայտարարել է Պեսկովը:

 

Խոսնակը հիշեցրել է Պուտինի խոսքերն այն մասին, որ միջպետական մակարդակում ճգնաժամային հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է անդրադառնան ժողովուրդների նկատմամբ ունեցած բարի զգացմունքների և լավ ավանդույթների վրա, այդ պատճառով ՌԴ նախագահի շնորհավորանքը հասցեագրված է ժողովրդին:

 

Մայիսի 9-ին Պուտինը Հաղթանակի 71-ամյակի առիթով շնորհավորել է ԱՊՀ մի շարք երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, Աբխազիային, Հարավային Օսիային, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Հաղթանակի 71-ամյակի շնորհավորական ուղերձում նա ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ պատմության վերանայումը:

 

 

Պեսկովն ասել է՝ ինչու Պուտինը չի շնորհավորել Վրաստանի և Ուկրաինայի նախագահներին Հաղթանակի օրվա առիթով