2050-ին աշխարհում փախստականների թիվը կգերազանցի 320 մլն-ը. ՄԱԿ
Ներկայիս ցուցանիշների պահպանման դեպքում ներգաղթյալների թիվն աշխարհում 21-րդ դարի կեսերին կհասնի 321 միլիոնի, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի զեկույցում, որը նախապատրաստվել է փախստականների և միգրացիայի հարցերին նվիրված գիտաժողովի համար, որը կկայանա Նյու Յորքում 2016թ. սեպտեմբերի 19-ին:
Փաստաթղթում նշվում է, որ 2015-ին միջազգային փախստականների թիվը հասել է 244 մլն-ի, ինչը 71 մլն-ով ավելի է, քան 2000-ին:
«Ըստ կանխատեսումների` աշխարհի բնակչության թվաքանակը տեսանելի ապագայում կշարունակի աճել, ինչպես և սպասվում է, 2050-ին կհասնի 9.7 մլրդ մարդու: Եթե միջազգային ներգաղթյալների թիվն աշխարհի բնակչության ընդհանուր կազմում մնա մշտական, ապա 2050-ին ներգաղթյալների քանակն ամբողջ աշխարհում կհասնի 321 մլն մարդու»,- գրել է Բան Կի Մունը:
Նրա կարծիքով՝ առաջիկա տասնամյակներում մարդկանց զանգվածային տեղափոխությունները կպահպանվեն կամ կավելանան բռնի հակամարտությունների, աղքատության, անհավասարության, կլիմայի փոփոխության, բնական աղետների և շրջակա միջավայրի վիճակի վատացման հետևանքով:










