Հինգ մարդ է ձերբակալվել Ավստրալիայում՝ ԻՊ-ին միանալու փորձի համար
Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդում է հինգ տղամարդու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են օվկիանոսը ձկնորսական նավով հատելու և Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու պլանների համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ տղամարդիկ Մելբուռնից նավն ավտոմեքենայով տեղափոխել են Քերնս քաղաք։
Բոլոր կասկածյալների անձնագրերը չեղարկվել են՝ նրանց երկրից հեռանալու հնարավորություն չտալու համար:
Ոստիկանությունը ենթադրում է, որ տղամարդիկ մտադիր են եղել Ավստրալիայից Ինդոնեզիայով Ֆիլիպիններ հասնել, իսկ այնուհետ այնտեղից մեկնել Սիրիա:
Ինչպես հաղորդում են ավստրալական ԶԼՄ-ները, ձերբակալվածների թվում է եղել ծայրահեղական իսլամական քարոզիչ Մուսա Սերանտոնիոն, ինչպես նաև իսլամական քարոզիչ Ջունաիդ Տորնի եղբայրը:
Ավստրալիայի իշխանությունների գնահատականով՝ երկրի մոտ 110 քաղաքացիներ կռվում են «Իսլամական պետության» շարքերում։










