Էլիզաբեթ 2-րդը չինացի դիվանագետներին «չափազանց կոպիտ» է անվանել (տեսանյութ)

13:46 • 11.05.16

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատի այգում կազմակերպված  ընդունելության ժամանակ ասել է, որ անցած տարի Լոնդոն այցելած չինացի դիվանագետներն իրենց «չափազանց կոպիտ» են պահել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, միապետն այս մասին ասել է Լոնդոնի ոստիկանապետ Լյուսի Դ’Օրսիի հետ զրույցի ընթացքում: Երբ թագուհուն ներկայացրել են կին ոստիկանապետին` նրան մանրամասնել են, որ հենց Դ’Օրսին է անցած տարի գլխավորել Չինաստանի նախագահ Սի Ձինփինի ղեկավարած պատվիրակության անվտանգության ապահովման թիմը։

 

«Օ~, Ձեր բախտը չի բերել»,-ասել է թագուհին` չնկատելով, որ իրեն տեսանկարահանում են:

 

«Նրանք շատ կոպիտ են եղել դեսպանի հետ»,- շարունակել է միապետը` նկատի ունենալով Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդին:
 

Դ’Օրսին, իր հերթին, համաձայնել է թագուհու հետ` հավելելով, որ մի պահ չինացի դիվանագետներն անսպասելիորեն հեռացել են` հայտարարելով, որ այցն ավարտված է:


«Ուղղակի անհավատալի է»,- արձագանքել է Էլիզաբեթ 2-րդը:

«Այո՛,  դա շատ կոպիտ ու ոչ դիվանագիտական պահվածք էր»,- ասել է ոստիկանապետը:


 

Էլիզաբեթ 2-րդը չինացի դիվանագետներին «չափազանց կոպիտ» է անվանել (տեսանյութ)