Էրդողանը քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ին Սև ծովում ոչ բավարար ռազմական ներկայության համար

16:23 • 11.05.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ին Սև ծովում ոչ բավարար ռազմական ներկայության համար՝ հայտարարելով, որ այն վերածվում է «Ռուսաստանի ներքին լճի», գրում է РИА Новости-ն:

 

Թուրքիայի առաջնորդը կոչ է արել դաշինքին ուժեղացնել Սև ծովի շրջանում համակարգումը և համագործակցությունը: Էրդողանը հույս է հայտնել, որ արդյունքներն ի հայտ կգան արդեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը կանցկացվի Վարշավայում հուլիսի 8-9-ը:

 

«Հարկավոր է Սև ծովը դարձնել կայունության ծով: Ես ասել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին. դուք Սև ծովում չկաք, այդ պատճառով այն դարձել է գրեթե ռուսական լիճ: Եթե մենք չձեռնարկենք բոլոր միջոցները, պատմությունը մեզ չի ների»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում բալկանյան երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների առաջ:

 

Ինչպես հայտնել է թուրքական Sabah-ը, էրդողանն իր ելույթում նաև նշել է, որ մեծացել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կարևորությունը:

«Մենք հուսով ենք, որ այդ գագաթնաժողովին ձեռք կբերվեն կոնկրետ արդյունքներ»,- ասել է նա:

 

 

Էրդողանը քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ին Սև ծովում ոչ բավարար ռազմական ներկայության համար