Չնայած սպառնալիքներին` գերմանացիները կշարունակեն ուտել «Էրդողան-բուրգերները»

17:27 • 11.05.16

Գերմանական Քյոլն քաղաքում գտնվող Urban Burgery ռեստորանը, որը վերջերս ստիպված էր եղել դադարեցնել իր աշխատանքը վիճահարույց «Էրդողան-բուրգեր» ուտեստի վաճառքի կապակցությամբ ստացած բազմաթիվ սպառնալիքների պատճառով, կրկին վերսկսել է աշխատանքը:
 

Ինչպես նշում է BBC-ն, ռեստորանի մենեջերն ասել է, որ անկախ բոլոր սպառնալիքներից` իրենք նորից կվաճառեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին անվանակոչված «Էրդողան-բուրգերները»: Նա նաև հավելել է, որ այժմ ռեստորանի տարածքում տեղադրվել են անվտանգության տեսախցիկներ:

 

Նշվում է, որ դասական համբուրգերի օրինակով պատրաստվող ուստեստը վերջին շրջանում դարձել է ռեստորանի ճաշացանկի ամենաշատ պատվիրված ուտելիքը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Էրդողանի պատվին անվանված բուրգերը մենյուի մեջ հայտնվել է ապրիլի վերջին։
 

«Էրդողան-բուրգերը» գովազդվել է որպես համեղ և հյութալի և վաճառվել այծի կաթից պատրաստված պանրի հետ: Այդկերպ ուտեստի հեղինակներն ակնարկել են գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունը, որը նա ընթերցել էր գերմանական հեռուստաընկերության եթերում և որտեղ նա Էրդողանին մեղադրել էր այծերի ու ոչխարների հետ ունեցած սեռական այլասերումների համար։

 

Նշվում է, որ որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում ռեստորանի հասցեին սկսել են սպառնալիքներ և քննադատություն ուղարկել, ինչի հետևանքով սեփականատերերը գիտակցել են, որ չեն կարող երաշխավորել աշխատակիցների անվտանգությունը և փակել են ռեստորանը:

 

Չնայած սպառնալիքներին` գերմանացիները կշարունակեն ուտել «Էրդողան-բուրգերները»