Դպրոցների 116 տնօրեն այսօր մասնակցում է հավաստագրի քննություններին
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավատարմագրման քննություններ են: Քննությունը, որին մասնակցում է 116 տնօրեն, տևում է 90 րոպե:
Տնօրեններին ներկայացված է 60 առաջադրանք, ի տարբերություն միասնական քննությունների՝ պատասխանների ձևաթղթում սխալն ուղղելու տեղ չկա: Տնօրենները կարող են կատարել ընդամենը 6 սխալ, այսինքն` 54 առաջադրանք պետք է ճիշտ կատարեն:
Հանձնաժողովի անդամ Կարո Նասիբյանը, որ մասնակցել է թե՛ դիմորդների ընդունելության, թե՛ տնօրենների հավաստագրման քննություններին, լրագողների հետ զրույցում ասաց, որ սկզբից ևեթ երևում է տարբերությունը, որովհետև, ըստ նրա, դիմորդները երբ գալիս են, հանգիստ նստում են իրենց տեղերը, իսկ տնօրեններն ավելի աշխույժ են, քան իրենց աշակերտները:
«Հետաքրքիրն այն է, որ նստելուն պես տնօրենները սկսեցին աշխատել և կողքերը չնայել, իսկ աշակերտների մոտ այլ է. չգրող աշակերտը 10 րոպե հետո արդեն իր թեստին կամ պատասխան ձևաթղթին չի նայում»,- ասաց Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով՝ թեստը կազմվել է Կրթության և գիտության նախարարությունում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ որևէ առնչություն չի ունեցել:
«Հարցերն օրենսդրական դաշտից են, սահմանադրությունից, կրթության մասին օրենքից, գնումների մասին օրենքից, այսինքն՝ այն ամենից, ինչը կապված է տնօրենի աշխատանքի հետ»,-նշեց Կարո Նասիբյանը:










