Նոր Զելանդիայի վարչապետին դուրս են հրավիրել խորհրդարանի նիստերի դահլիճից

14:38 • 11.05.16

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դևիդ Քարտերը երկրի վարչապետ Ջոն Քեյին խնդրել է լքել նիստերի դահլիճը։


Դրա պատճառը եղել է քննարկումների ընթացքում կանոնների խախտումը։

 

Նիստի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները վիճել են Քեյի հետ նրա պնդման վերաբերյալ, թե Greenpeace էկոլոգիական կազմակերպությունը ներառված է «պանամական թղթապանակում»։

 

Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե չի՞ ցանկանում ներողություն խնդրել իր խոսքերի համար, ինչին Քեյը պատասխանել է, թե ներողություն խնդրելու բան չունի։

 

Երբ ընդդիմախոսները բարձրացրել են ձայները, խոսնակ Դևիդ Քարտերն անջատել է վարչապետի խոսափողն ու վիճաբանության մասնակիցներին կոչ արել հետևել կարգին, սակայն Քեյը շարունակել է բղավել իր ընդդիմախոսի վրա։

 

Դրանից հետո խոսնակը վարչապետին խնդրել է հեռանալ նիստերի դահլիճից։ Նա նշել է, որ նախօրեին վարչապետը խախտել էր կարգն ու նախազգուշացում ստացել։

 

Նման դեպք Քեյի վարչապետության ընթացքում տեղի է ունեցել առաջին անգամ։  Սակայն ավելի վաղ, երբ նա գլխավորում էր ընդդիմությունը, նրան 3 անգամ դուրս են հրավիրել խորհրդարանի նիստերի դահլիճից։

Նոր Զելանդիայի վարչապետին դուրս են հրավիրել խորհրդարանի նիստերի դահլիճից