ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիան չունի խմբավորմանը ոչնչացնելու ամուր ռազմավարություն. Չավուշօղլու

15:54 • 11.05.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված միջազգային կոալիցիային չի հաջողվել ամուր և գործող ռազմավարություն ստեղծել ահաբեկչական կազմակերպության ոչնչացման համար: Այդ մասին մայիսի 11-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Hurriyet Daily News-ը:

 

«ԻՊ-ի դեմ կոալիցիայի կազմում կա 65 երկիր, որոնց մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են: Մենք առանձին ռազմավարություններ ունենք, որոնց մեծ մասը դժբախտաբար չի աշխատել: Մենք չունենք ամուր և գործող ռազմավարություն ահաբեկչական կազմակերպությանը ոչնչացնելու և պարտության մատնելու համար: Ես հուսով եմ՝ սա կփոխվի»,- ասել է նա Անթալիա քաղաքում ունեցած ելույթում:

 

Չավուշօղլուն հայտարարել է, որ անհնար է պարտության մատնել ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ ԻՊ-ին և «Ջեբհաթ ան-Նուսրային»՝ առանց Սիրիայում խնդիրները լուծելու:

 

«Ավելի քան 120 երկրներից մարդիկ գալիս են միանալու Սիրիայի ահաբեկչական կազմակերպություններին: Անգամ եթե մենք պարտության մատնենք այս կազմակերպություններին, նորերը կհայտնվեն: Մոտ չորս տարի առաջ չկար ԻՊ կամ «Բոկո Հարամ», բայց կար «Ալ-Քաիդա»»,- ասել է նա:

 

«Գրեթե բոլոր ահաբեկչական կազմակերպություններն իրար հետ կապված են՝ ներկայացնելով հսկայական ցանցի մասերը… Եթե մենք չենք կարող լուծել ահաբեկչության հարցը, այն այս կամ այն կերպ ի վերջո կգտնի մեզ: Ահաբեկչության խնդիրը մեր տարածաշրջանում հարվածեց առաջինը Թուրքիային, և հետո Եվրոպային»,- ասել է նա:

 

ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիան չունի խմբավորմանը ոչնչացնելու ամուր ռազմավարություն. Չավուշօղլու