Պատերազմը մեզ ստիպեց`վեր նայել ու տեսնել այս վիճակը պետական կառավարման ոլորտում. Աշոտ Խուրշուդյանը՝ վարչապետի հայտարարության մասին

20:37 • 12.05.16

Tert.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անդրադառնում է հարցին, թե արդյո՞ք  ուշացած չէ ՀՀ վարչապետի պետական ծախսերի օպտիմալացման առաջարկը, ի՞նչ էր նշանակում այդ հայտարարությունը, արդյո՞ք իշխանությունն այս ընթացքում ականջալուր եղավ հասարակության վեր բարձրացրած պահանջներին ու իշխանություններից սպասելիքներին: 
 

-Պարոն Խուրշուդյան, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ, որ պետք է կրճատել գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները, այն ինչի մասին հասարակությունը տարիներով խոսում էր: Ինչո՞ւ հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո։

-Բյուրոկրատիզացիա կամ լճացում, սա է վերջին տարիներին բյուրոկրատական զարգացման պրոցեսը, որն ամբողջ աշխարհում էլ կա, բայց որը հեռահար վտանգ ունի: Եթե փոխաբերական բացատրեմ, ոնց որ Ձեր գլուխը կախ քայլելով առաջ գնաք, դիմացը չնայեք, գլուխը բարձրացնեք, տեսնեք լրիվ ուրիշ տեղ եք: Սա է բյուրոկրատական զարգացման մոդելը, որով Հայաստանը տարիներ շարունակ առաջ է շարժվել:

-Եվ ո՞ւր է հայտնվել այդպես գլուխը կախ շարժվելով:

- Հայտնվել է մի տեղ, որտեղ կառավարման անարդյունավետությունն ու կոռուպցիան  հասել է անկառավարելի մակարդակի. վերջին տասը տարում մեր կառավարման  համակարգն ահավոր ուռճացել է, նախարարություններ են ավելացել , բայց նույն հարաբերակցությամբ աշխատանքի արդյունքները չեն մեծացել: Բերեմ մի օրինակ` երբ ավտոմատացված համակարգ ես ներդնում` կամերաների միջոցով ճանապարհային, տրանսպորտային միջոցները վերահսկվելու համար, դրան զուգահեռ կրճատվում է աշխատողների թիվը: Բայց մենք այդ երկրորդ քայլը չտեսանք: Դա նույնն է, որ մարդը նոր հեռուստացույց գնի, հինը չգցի, պահի,բայց չէ՞որ տեղ է զբաղեցնելու: Ահա նույն վիճակն է պետական կառավարման մեջ և  պատերազմը ստիպեց վերանայել, գլուխներս բարձրացնել, տեսնել...

-Թե ո՞ւր ենք գնում:

-Եվ ուր պիտի գնանք. դա հաջորդ հարցն է: Դա արդեն քաղաքական ուղենիշ պետք է լինի, եթե ցանկություն կա, դա կարելի է իրականացնել, եթե չկա…

-Իսկ որ կառավարությունը պետք է ավելի կոմպակտ լինի,  դա ի՞նչ է նշանակում:

-Ժամանակին  օպտիմալացումներ եղել են, որոնց արդյունքում էականորեն կրճատվել է նախարարությունների աշխատակազմի թիվը, հետո դանդաղ-դանդաղ այդ թիվը սկսեց մեծանալ և  դարձավ ահավոր ուռճացված: Այն աստիճան, որ կարող եմ ասել, որ ոչ պետական փոքր կառույցները հազարապատիկ ավելի էֆեկտիվ են աշխատում, քան մեծ պետականները:  Եվ այդ ուռճացված աշխատակազմերին  աշխատավարձ տալը նույնն է,թե հազարավոր  մարդկանց նպաստ տալը: Բացի այդ ոչ պետական կառույցների միջոցով պետական աշխատանք անելու գործարքները չափից դուրս շատացել են՝ ԾԻԳ-եր ու բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, որոնք ոնց որ ինչ-որ մի նախարարության մասնաճյուղը լինեն, ուղղակի չերևացող:

-Այս հայտարարությունը եղավ պատերազմը սկսելուց քառասուն օր անց, մինչդեռ այդ ընթացքում ողջ մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված էին իրավիճակի գնահատականներով, առաջարկներով, նույն այդ օպտիմալացման ծախսերի կրճատման մասին։ Կային նաև արմատական առաջարկներ, որ օրինակ` խլե՛ք օլիգարխների դղյակները և այլն:  Հիմա ըստ Ձեզ`իշխանություններն այս ընթացքում հավաքագրո՞ւմ էին հասարակության առաջարկները, ականջալու՞ր եղան այդ տրամադրություններին:

-  Չեմ կարող ասել`հասարակության տրամադրությունն էր, թե կառավարության ցանկությունն ինչ-որ բան անելու: Չունեմ պատասխան, պետք է սպասել:

-Իսկ վարչապետի հայտարարությունը , ըստ Ձեզ, ուշացած չէ՞ր:

-Վաղուց էր պետք դա անել, բայց ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք:


 

Պատերազմը մեզ ստիպեց`վեր նայել ու տեսնել այս վիճակը պետական կառավարման ոլորտում. Աշոտ Խուրշուդյանը՝ վարչապետի հայտարարության մասին