Եվրոպայի պաշտպանության հարցում Գերմանիան ձգտում է առաջատարության. FT-ի անդրադարձը

12:13 • 12.05.16

Գերմանիայի իշխանությունների հայտարարությունը բանակի թվաքանակի ավելացման մտադրության մասին կարևոր պահ է Եվրոպայի պաշտպանության համար, գրում է The Financial Times-ը:


Վերջին 25 տարիների ընթացքում բունդեսվերի ընդհանուր թվաքանակը նվազել է՝ 585 հազարից հասնելով 177 հազարի:


Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քայլը՝ բանակի թիվն ավելացնելու հարցում, խորհրդանշական մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար, և հեղինակի համոզմամբ՝ պետք է ուրախությամբ ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից։


Նշվում է, որ անցյալ դարի սարսափելի իրադարձություններից հետո Գերմանիան երկար ժամանակ հավատարիմ էր պացիֆիստական հայացքներին և միավորումից հետո չէր պատրաստվում արդիականացնել բանակն ու մասնակցել արտասահմանում ռազմական գործողությունների: Դեռ վերջերս դժվար էր պատկերացնել, որ Գերմանիան կվճռի ավելացնել բանակի թիվը:

 

Սակայն այժմ Բեռլինի դիրքորոշումը համաշխարհային ճգնաժամերի հանդեպ փոխվել է:

 

FT-ն գրում է, որ Գերմանիայի իշխանություններն այդ որոշումը կայացնում են երկու պատճառով. հանուն Ռուսաստանին հակազդելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու:

 

Բացի այդ, երկիրը պետք է պատասխան տա ԱՄՆ-ի անհանգստություններին, որ Եվրոպան լիովին չի կատարում իր պարտավորությունները, որոնք ստանձնել է ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Եվրոպայի պաշտպանության հարցում Գերմանիան ձգտում է առաջատարության. FT-ի անդրադարձը