Իրանցի կնոջը զրկել են պատգամավորական աթոռից` առանց գլխաշորի լուսանկարվելու համար. The New York Times
Վեճերի կարգավորման իրանական հանձնաժողովն արգելել է փետրվարին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած կին պատգամավորներից մեկին զբաղեցնել իր պաշտոնը: Նման որոշման համար պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ կին պատագամավորը` Մինո Խալեղին, Եվրոպա կատարած այցի ժամանակ լուսանկարվել է առանց գլխաշորի:
Ինչպես գրում է The New York Times-ը, լուսանկարների` համացանցում տարածվելուց հետո պահպանողականները Խալեղիին մեղադրել են «ազգի դավաճանության» համար:
Մինչդեռ Խալեղին ասել է, որ այս ամենն ունի քաղաքական դրդապատճառներ: Նա ընդգծել է, որ հավատարիմ է իսլամական ավանդույթներին, իսկ լուսանկարներն էլ կեղծված են: Նա դատական հայց է ներկայացրել այն մարդու դեմ, ով տարածել է լուսանկարները:
Հայտնի է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է Խալեղիին, ում քաղաքական հետագա ճակատագրի հարցն այժմ պետք է լուծի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։










