Իվետան իր գործն արել է, հերթը Շվեդիայի հայ համայնքինն է՝ «Եվրատեսիլ» մրցույթին ներկայանալ Արցախի դրոշներով. կարծիքներ

11:34 • 12.05.16

 

Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:
 

Tert.am-ը քաղաքական և հասարակական գործիչներից հետաքրքրվեց, թե արդյոք Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունից հետո Հայաստանի պատվիրակությունը պետք է ԼՂՀ դրոշից հրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի հաջորդ փուլերում։
 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ծնունդով արցախցի Թևան Պողոսյանը գտնում է, որ Իվետան ինքը պետք է որոշի՝ ծածանե՞լ Արցախի դրոշը, թե ոչ:
 

«Կարևոր օր է Իվետայի կյանքում, և պետք է ինքն իր որոշումը կայացնի: Ես նույն հարգանքով կվերաբերվեմ նրա այն որոշմանը, որ նորից ծածանի, և դրա պատճառով Հայաստանին հեռացնեն, ինչպես նաև այն որոշմանը, որ Իվետան եզրափակչին այնպես փայլուն երգի, որ Հայաստանը հաղթի երգի մրցույթին: Երկու պարագայում էլ մարդը պատրաստվել է, ջանք ու եռանդ է ներդրել, և հիմա շատ դժվար է պատկերացնել, թե էլ ինչ կավելացնի Արցախի դրոշի մեկ անգամ ևս ծածանումը աշխարհում Արցախի ու նրա անկախության մասին ընկալմանը»,-ասաց նա: 
 

Թևան Պողոսյանի խոսքով՝ Իվետան առաջին փուլում իր խնդիրն ըստ էության կատարել է՝ ցույց տալով, որ կա Արցախ, որ Արցախն ունի իր դրոշը:
 

«Հարցը նրանում է, թե տարբեր շրջանակներում մենք ինչպես ենք օգտագործելու այս ամենը: Տեղ կլինի, որ մենք կօգտագործենք և նույն եվրոպացիներին կհասկացնենք, որ ասում եք՝ մի ծածանեք դրոշ, այն դեպքում, երբ մարդը բացատրեց, թե ես դա անում եմ խաղաղության համար։ Փաստորեն այն դրոշը, որ մարդը բարձրացնում է խաղաղության համար, այդ դրոշի՞ն եք դեմ, խաղաղությա՞նն եք դեմ։ Պետք է երևույթներին նայել և հասկանալ՝ ինչպես ենք կարողանում օգտագործել մեր շահերից ելնելով»,-ասաց նա:
 

Թևան Պողոսյանի կարծիքով, եթե Իվետան հաղթի և հաջորդ տարի «Եվրատեսիլը» տեղի ունենա Հայաստանում, այդ բոլոր երկրներից մարդիկ կգան ու կտեսնեն, որ Հայաստանում ամենուր Արցախի դրոշն է կախած:
 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը համակարծիք է ֆեյսբուքյան այն առաջարկների հետ, որ Իվետան իր գործն առաջին փուլում արել է, և հիմա Շվեդիայի հայ համայնքի հերթն է, ովքեր կարող են երգի մրցույթին ներկայանալ Արցախի դրոշներով:


«Հայ համայնքին ուղղված նման առաջարկ արդեն աչքովս ընկել է, որ բոլորը Արցախի դրոշներով գնան։ Տեսնեմ, թե ինչ պետք է ասեն հանդիսատեսին, որոնք բոլորն էլ Շվեդիայի քաղաքացիներ են: Այսինքն՝ ընկրկել պետք չէ, և շատ միջոցներ կան, որոնք պետք է օգտագործել: Կա տեսակետ, որ պետք չէ, որ դրա համար չարժե զրկել, դա ավելի մեծ աղմուկ կունենա։ Իվետան, հրաշալի երգելուց բացի, արել է շատ հրաշալի քայլ: Ինքը իր փառահեղ գործն արել է, հիմա հայ հանդիսատեսի հերթն է»,-ասաց նա:


Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ որոշելիքը Իվետայինն է: «Կարծում եմ՝ Իվետան ապացուցեց, որ ինքը շատ-շատ փորձագետներից, հատկապես ֆեյսբուքահայության էքսպետներից շատ ավելի խելացի է և ճիշտ է վարվում, ոնց ինքը ճիշտ կգտնի, թող այդպես էլ վարվի»,-ասաց նա:
 

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի առաջարկն է՝ այս անգամ ներկայանալ ապրիլյան պատերազմի զոհերի նկարներով: Ըստ նրա՝ հարթակը պետք է օգտագործել՝ աղաղակելու մարդասպան Ադրբեջանի մասին:


«Արցախի թեման պետք է արծարծել, գուցե Գուրգեն Մարգարյանի նկարով դուրս գան այս անգամ էլ: Ես վստահ եմ, որ լրագրողները կհարցնեն, թե ինչու եք այդ նկարներով դուրս եկել, ասեն, որ սա այն հայ սպան է, ում սպանելու համար Ադրբեջանը Սաֆարովին հերոս է դարձրել: Կամ Քյարամի նկարով և ասել, որ սա այն տղան է, որին գլխատել են: Լավ, եթե դրոշը արգելում եք, ուրեմն՝ լուսանկարները: Պետք է նրանց Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալ»,-ասաց նա:


 

Իվետան իր գործն արել է, հերթը Շվեդիայի հայ համայնքինն է՝ «Եվրատեսիլ» մրցույթին ներկայանալ Արցախի դրոշներով. կարծիքներ