«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

19:06 • 13.05.16

Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մեկնարկել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության բողոքի ակցիա-երթը։


Նախաձեռնության մասնակիցները պահանջում են պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:


Նախաձեռնության անդամները նաև այլ պահանջներով են հանդես եկել։ Մասնավորապես, նրանք պահանջում են աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ «իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի», ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:

 

Ակցիայի մասնակիցներն այս մասին հայտարարություն են տարածել ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև նշում են, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պետք է պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտ, իսկ Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։

 

Իսկ Արցախի հարցում նրանք պահանջում են ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:

 


 

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)