Չեչնիայում հրկիզել են Պուտինին Կադիրովից բողոքած գյուղացու տունը. լրատվամիջոցներ
Չեչնիայում այրել են Ռամազան Ջալալդինովի տունը, ով տեսաուղերձով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու բողոքել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից, հայտնում է gazeta.ru-ն՝ «Չեռնովիկ» թերթին հղումով։
Ջալալդինովի կինը պատմել է, որ կեսգիշերին իրենց տուն են եկել դիմակավոր մարդիկ՝ հայտարարելով, որ եկել են նրանց «փրկելու»։ Ապա նրանց մեքենա են նստեցրել ու թողել կամրջի տակ։
«Հետո հրկիզել են տունը։ Գյուղի բնակիչներին արգելել են այդ թեմայով խոսել, սպառնացել են նրանց տներն էլ այրել»,-պատմել է նա։
Ավելի վաղ տեսաուղերձ էր տարածվել «Չեչնիայի Շարոյի շրջանի բնակիչ Ռամազան Ջալալդինովից՝ Ռամզան Կադիրովին»։ Ջալալդինովը բողոքել էր ապրուստի վատ պայմաններից։










