ԵՄ-ն խախտել է պարտավորությունները՝ Թուրքիայի հետ գործարք կնքելով. «Բժիշկներ առանց սահմանների»

12:29 • 13.05.16

Փախստականների հարցով Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնությունն ապաստան խնդրող մարդկանց օգնություն տրամադրելու ԵՄ-ի պարտավորությունների խախտում է դարձել և վտանգավոր նախադեպ է ստեղծում: Այդ մասին ասված է եվրոպական երկրների առաջնորդներին և Եվրամիության կազմակերպություններին ուղղված «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության բաց նամակում, հայտնում է РИА Новости-ն:

 

Նամակը ստորագրել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության միջազգային նախագահ Ջոան Լյուն: Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում առ այն, որ ստորագրելով Թուրքիայի հետ համաձայնագիրը՝ ԵՄ երկրները փաստացիորեն «շրջվել են հազարավոր մարդկանցից, որոնք փախչում են պատերազմից, ճնշումներից և հուսահատությունից»:

 

«ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնությունը փաստացիորեն դնում է այդ մարդկանց համար պատասխանատվությունը Թուրքիայի վրա՝ ի թիվս այլ բաների՝ ֆինանսական օգնության բազմամիլիարդանոց փաթեթի դիմաց: Այդ համաձայնագիրն իրենից ներկայացնում է բարոյական և իրավաբանական պարտավորություններից աննախադեպ հրաժարում»,- ասված է տեքստում:

 

Նամակում նշվում է, որ «համաձայնագիրը խոչընդոտում է մարդկանց ապաստանի իրենց իրավունքի իրականացման հարցում» և «խախտում է օգնության կարիք ունեցողներին առանց որևէ պայմանի օգնություն տրամադրելու մարդասիրական սկզբունքը»:

ԵՄ-ն խախտել է պարտավորությունները՝ Թուրքիայի հետ գործարք կնքելով. «Բժիշկներ առանց սահմանների»