Ինչպես Թուրքիան դե ֆակտո բռնապետություն դարձավ. The Huffington Post

15:12 • 13.05.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պարտադրված հրաժարականը մի բան է նշանակում. երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ով ամբողջությամբ կլանված է իշխանության տենչով, չի հանդուրժի իր կառավարությունում որևէ մեկին, ով կշեղվի իր քաղաքական դիրքորոշումներից։ Այս մասին The Huffington Post-ում գրում է Ալոն Բեն-Մեյրը։

 

Նա նշում է, որ Դավութօղլուի հրաժարականից հետո Թուրքիան, Էրդողանի առաջնորդությամբ, դառնում է դե ֆակտո բռնապետություն:

 

Ներկայացնում ենք Բեն-Մեյրի հոդվածը մասնակի կրճատումներով.

 

«Ավելի քան 15 տարի Դավութօղլուն էրդողանին ծառայել է հնարավոր հավատարմությամբ՝ նախ որպես արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, հետո որպես նրա արտգործնախարար, իսկ վերջին երկու տարիներին՝ որպես վարչապետ: Այն բանից հետո, երբ Էրդողանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը, նա երկրորդ պլան մղեց Դավութօղլուին, ով լուռ վրդովվում էր վարչապետի դերի և պատասխանատվության բռնազավթումից՝ ասես ոչինչ տեղի չի ունեցել:

 

Ես ճանաչել եմ Դավութօղլուին Էրդողանի գլխավոր խորհրդական լինելու ժամանակներից, և նա միշտ չափավոր ուժ էր ներկայացնում, ով հանձնառու էր Թուրքիան կայունացնող տարածաշրջանային ուժ և միջազգային դաշտում կարևոր խաղացող դարձնելու հարցում: Ավելին, Դավութօղլուն նաև հետևողականորեն հավատարիմ էր «հարևանների հետ զրո խնդիր» ունենալու իր քաղաքական փիլիսոփայության իրականացմանը, որի շնորհիվ սկզբնական շրջանում Թուրքիան բարեկամական և համագործակցային հարաբերություններ հաստատեց իր հարևանների մեծ մասի հետ:

 

Նախկին բարձրաստիճան թուրք պաշտոնյան ինձ ասել է, որ եթե Դավութօղուին ճկունություն տրվեր իր արտաքին քաղաքականության տեսլականն իրականացնելու համար, Թուրքիայի տարածաշրջանային դիրքն այսօր բոլորովին այլ կլիներ:

 

Վերջին երկու տարիներին, սակայն, երկուսի միջև որոշ կոնֆլիկտներ սկսեցին ի հայտ գալ: Մինչ Դավութօղլուն փորձում էր վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, Էրդողանը ոչ միայն հրաժարվեց, այլև խոստացավ պատերազմ տանել, «մինչև չսպանվի ՔԱԿ-ի վերջին ապստամբը»:

 

Բացի այդ, չնայած Դավութօղլուն հրապարակայնորեն ոչինչ չէր ասում ազատ մամուլի նկատմամբ Էրդողանի պարբերական հարձակումների, լրագրողների ձերբակալությունների և մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, նա համաձայն չէր այս անօրինական քայլերի հետ, և նրան չէր հաջողվում համոզել իր գլխավորին նվազեցնել մամուլի նկատմամբ ճնշումը:

 

Ցանկացած քննադատություն լռեցնելու և Թուրքիայում եղած ժողովրդավարությունն էլ պարբերաբար նվազեցնելու Էրդողանի քաղաքականությունը փաստացիորեն արգելափակել է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի հեռանկարը, որին Դավութօղլուն մեծ եռանդով ձգտում էր հասնել:

 

Այս ամենից բացի, Էրդողանն այժմ փորձում է զրկել քուրդ օրենսդիրներին իրենց քաղաքական անձեռնմխելիությունից, որպեսզի հնարավոր լինի նրանց ՔԱԿ-ի հետ կապերի համար մեղադրելը, ինչին Դավութօղլուն գաղտնի առարկում էր:

 

Հետաքրքրական է, որ խորհրդարանում ունեցած հրաժեշտի ելույթում Դավութօղլուն նշեց, որ «Ոչ ոք երբեք իմ բերանից մեր նախագահի դեմ մի բառ չի լսել և չի էլ լսի»: Իմ և շատ մեկնաբանների համար Դավութօղլուի խոսքերը նրա ասածի ճիշտ հակառակն էին արտահայտում՝ որ Էրդողանը քննադատությունից դուրս է: Դիվանագիտական ավելի լավ ճանապարհ չկար դա այլ կերպ ասելու համար, որպեսզի Էրդողանի կողմից չմեղադրվեր դավաճանության մեջ:

 

Դավութօղլուի հեռանալով՝ Թուրքիան դե ֆակտո բռնապետություն է դարձել, և այժմ Էրդողանի ճանապարհին ոչ ոք չկա։

 

Թուրք ժողովրդի համար տխուր օր է, քանի որ երկիրն այժմ կառավարում է անգութ բռնապետ, առանց զսպվածության, առանց հաշվետու լինելու, դեպի լավը փոփոխության հեռանկար չկա, քանի դեռ Էրդողանն իշխանության է մնում:

 

Թուրք ժողովուրդը պետք է կրկին փողոց դուրս գա, բայց այս անգամ նրանք պետք է հաստատակամ մնան, մինչև Էրդողանը չմեղմի իր դիրքորոշումը կամ հրաժարական չտա»:

Ինչպես Թուրքիան դե ֆակտո բռնապետություն դարձավ. The Huffington Post