Ուկրաինան ՄԱԿ-ում մեղադրել է Ռուսաստանին ռազմական հանցագործությունների համար
Ուկրաինան ՄԱԿ-ում կոչ է արել Միջազգային քրեական դատարանին հետաքննություն սկսել Դոնբասում զանգվածային սպանությունների հարցով: Ուկրաինական պատվիրակությունն այդ հանցագործությունների կատարման համար մեղադրել է Ռուսաստանին և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներին, գրում է «Ուկրինֆորմ»-ը:
«Ուկրաինայի ներսում և շուրջը ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում մենք ամբողջությամբ ընդունում ենք գլոբալ արդարադատության ապահովման անհրաժեշտությունը, օրինականությունը և Միջազգային քրեական դատարանի աջակցությունը»,- ասվում է դիվանագետների հայտարարությունում:
Կիևը կարծում է նաև, որ դատարանի հետաքննությունը կլինի լավագույն միջոցներից մեկը, որպեսզի ապահովվի հանցագործությունների իրականացման համար բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, մարդու իրավունքների զանգվածային խախտումների ընդունումը և տուժածներին փոխհատուցումների վճարումը:










