Այսօր վարչապետի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում` կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգով
Շաբաթ առավոտյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել փակ հանդիպում` ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Քննարկման հիմնական թեման կոռուպցիայի դեմ պայքարն է եղել, ինչպես նաև պետական ծախսերի կրճատման անհրաժեշտությունը: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Ազգային ժողովի իր աղբյուրներից:
ԱԺ պատգամավորներ-վարչապետ փակ հանդիպմանը, հիմնականում մասնակցել են խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և այն պատգամավորները, որոնք շատ են անդրադառնում տնտեսական բլոկի խնդիրներին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հանդես գալով բավականի կոշտ հայտարարությամբ՝ նշել էր. «Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն»:










