Այսօր Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ զորքերի օրն է
Այսօր Հայաստանի Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության (ԶՈՒ ՀՕՊ) զորքերի օրն է: Տոնի օրը սահմանվել է 1994 թվականին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հակաօդային ստորաբաժանումների ձևավորման կապակցությամբ:
Հայաստանի ԶՈւ ՀՕՊ զորքերի օրը նշվում է մայիս ամսվա երրորդ կիրակին:
Հայաստանի ՀՕՊ զորքերը Զինված ուժերի կազմում են ընդգրկված և ենթարկվում են ՀՀ ՊՆ-ին:
ՀՀ ՊՆ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի կազմավորումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո։
1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ-ում գտնվող բոլոր զենիթային հրթիռային համալիրները, ինչպես նաև ռադիոլոկացիոն միջոցները հանված էին մարտական վիճակից և գտնվում էին անորոշ վիճակում:
1992թ. սեպտեմբերի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է հակաօդային պաշտպանության վարչությունը։ Վարչության ստեղծմանը հետևեց ՀՕՊ զորքերը համապատասխան սպայական և ենթասպայական կազմով համալրելու գործընթացը։
Միաժամանակ 1992թ. պլանավորվել և իրագործվել է նախկինում ՀՕՊ զորքերում ծառայած պահեստայինների զորակոչը։ Զորակոչվել է մոտ 400 սպա և ենթասպա:
Ազատամարտի ընթացքում ստեղծվել են հրամանատարական կետեր, զորամասերի և ստորաբաժանումների կառավարման ցանց և մի ամբողջ զենիթային հրթիռային ու ռադիոլոկացիոն համակարգ, որն էլ դրվել է մարտական հերթապահության։
ՀՕՊ-ի համալիրի ստեղծման գործում առանձնակի դեր խաղացին զինված ուժերի կազմավորված զորամասերի անձնակազմերը, որոնք ծանրագույն պայմաններում դժվարանցանելի ճանապարհներով տեխնիկան տեղափոխում էին սահմանային գոտիներ:










