Արցախի հասարակ մարդիկ մեծ հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ. արցախցի պատգամավոր

13:31 • 16.05.16

 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկմանը ձայնի իրավունք խնդրեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը, ում գերդաստանն Արցախում է, հարազատներն՝ առաջին դիրքերում: 

Նա, փոխանցելով Արցախի հասարակ մարդկանց կարծիքը , նշեց. «Նրանք շատ մեծ հույսեր են կապում առաջիկա հանդիպման հետ, մեծ հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ, որովհետև կռվող մասսան չի ուզում լայնածավալ ռազմական գործողություններ սկսի»,-ասաց նա:

Ըստ ղարաբաղցի պատգամավորի՝ ովքեր Ղարաբաղի աշխարահագարական դիրքին ծանոթ են, նրանք պետք է ամեն ինչ անեն, հնարավոր և անհնարին միջոցներ փնտրեն՝ լայնածավալ գործողությունների կասեցման համար: «Թեկուզ զիջման գնով, իհարկե, ոչ թե տերիտորիաների, այլ բանակցային շրջանակներում»,-ասաց նա՝ օրինակ բերելով, որ Ադրբեջանը հաթաթա է տալիս, որ Արցախը, եթե ճանաչվի, կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչը սպասելի վտանգ է:
«Ժողովուրդը, ոչ թե անհատը, այդ հայտարարությունը մեծ վտանգ է համարում»,-շեշտեց նա։

Համլետ Հարությունյանը նշեց, թե կարծում է, որ համապետական համաժողովրդական հարցերը չպետք է հաստատվեն օրենսդիր մարմնի պատերի ներսում, այլ ռազմաքաղաքական ղեկավարության միջոցով՝ ԱԺ-ի օրենսդրական միջոցառումների շրջանակում: Մինչդեռ, ըստ նրա, չգիտենք թե մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Արցախի ճանաչման վերաբերյալ:

«Ես չեմ ասում չճանաչեք, ամենաշատը ես եմ ուզում, բայց հետևանքները, պատասխանատվությունը մենք վերցնում ենք մեր վրա»,-եզրափակեց Համլետ Հարությունյանը: 
 

Արցախի հասարակ մարդիկ մեծ հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ. արցախցի պատգամավոր