Ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից

14:23 • 16.05.16

Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից: Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աչքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար: Տեղեկացնենք նաև, որ Մարտին Մարդիյանի բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հսկողության ներքո։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից։


Միաժամանակ հիշեցնենք, որ զինծառայողների բուժումը պետական միջոցներով արտասահմանյան երկրներում կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ տվյալ բուժումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել (բացակայում են անհրաժեշտ տեխնոլոգիաները կամ սարքավորումները, եթե չկա համապատասխան մասնագետ կամ փորձառություն)։

Իսկ եթե, անկախ դրանից, հիվանդ զինվորը կամ նրա հարազատները նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց կողքին է ինչպես բարոյական աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ` զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանությունը, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում։

Ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից