Կանադայում անտառային հրդեհների պատճառով տարհանված բնակիչների համար «իրազեկող» հավելված է թողարկվել

14:11 • 16.05.16

Կանադական Ալբերտա նահանգի կառավարությունը բջջային հավելված է թողարկել, որը Ֆորտ ՄքՄյուրեյ քաղաքի բնակիչներին թույլ է տալիս տեսնել անտառային հրդեհների պատճառով տարհանված իրենց տների արբանյակային լուսանկարները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նահանգի քաղաքաշինության հարցերով նախարար Դանիել Լարիվին նախազգուշացրել է, որ այդ պատկերները կարող են տրավմատիկ ազդեցություն թողնել, բայց հավելվածի նպատակը բնակիչներին իրենց տների վիճակի մասին առավել հստակ տեղեկություն տալն է:

 

ՄքՄյուրեյ քաղաքն անտառային հրդեհների պատճառով երկու շաբաթ առաջ հայտնվել էր կրակի մեջ, ինչի պատճառով ավելի քան 80 հազար մարդ է տարհանվել։

 

Տարհանված բնակիչները շարունակում են մնալ ժամանակավոր ապաստարաններում՝ սպասելով այն պահին, թե երբ կկարողանան վերադառնալ իրենց տները։

 

Իշխանությունները հայտարարում են, որ քաղաքի բնակիչների վերադարձի ծրագիրը պետք է մշակվի երկու շաբաթվա ընթացքում, սակայն հրդեհների հետ կապված իրավիճակը մոտ օրերս կարող է վատթարանալ:

Կանադայում անտառային հրդեհների պատճառով տարհանված բնակիչների համար «իրազեկող» հավելված է թողարկվել