Եթե հաջողվեց գալ կոնսենսուսի, մենք արտահերթ նստաշրջան կնախաձեռնենք. Դավիթ Հարությունյանը ԸՕ նախագծի մասին

14:31 • 16.05.16

 


Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:


ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու առաջարկությունների մի մասը ընդգրկված չէ փաթեթում:


Նա պարզաբանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ բոլոր առաջարկությունները պետք է ներկայացվեին մինչև մայիսի 6-ը ներառյալ, սակայն պատգամավորների մի մասը ուշացումով՝ նույնիսկ շաբաթ օրն էին ներկայացրել իրենց առաջարկությունները և այլևս հնարավոր չէր փոփոխություններ անել: Նա նշեց, որ մինչև ուրբաթ օրը ներկայացված առաջարկությունները քննարկվել են:


Անդրադառնալով կոնսենսուսի մասին խոսակցություններին՝ Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Մենք ինքներս կողմնակից ենք, որ լինի ավելի լուրջ կոնսոլիդացիա, որպեսզի բազմաթիվ առաջարկություններ ընդունվեն, և դա լինի փոխադարձ ընդունելի: Եթե մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի, պաշտոնապես հայտարարում ենք, մենք կնախաձեռնենք արտահերթ նստաշրջան և կներկայացնենք այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ պայմանավորվածության ենք եկել: Ավելին՝ իմ կողմից երաշխավորում եմ, որ բոլոր այն առաջարկությունները, որոնք ստացել ենք շաբաթ օրը դրանց ևս անդրադարձ կկատարվի, եթե մենք նախաձեռնենք այս արտահերթ նստաշրջանը»:

 

Ինչ վերաբերում է կատարված փոփոխություններին, նա ասաց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ արձակուրդ վերադարձած ժամկետային զինծառայողները փաստորեն հնարավորություն չեն ունենա մասնակցել քվեարկությանը իրենց բնակավայրում, քանի որ ժամկետներով հնարավոր չէ դա անել:


Ինչ քվեարկության նախորդ օրը քարոզչության արգելքի մասին Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ դրույթը մեզանում ընդհանուր ձևակերպում ուներ, ինչը մեկնաբանման խնդիր է առաջացնում, իսկ հիմա  սահմանել են քարոզչության արգելքի եղանակները. դրանք են՝  հրապարակային ելույթների, միջոցառումների, տպագիր մամուլի, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների միջոցով քարոզչությունը, որպեսզի մյուս եղանակների հետ կապված վեճեր չծագեն:


Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց նաև, որ նախագծով արգելել են
հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա քարոզչական նյութերի տարածումը: «Թույլ ենք տալիս, որ քաղաքացին իր սեփական տարածքում տարածի քարոզչական նյութեր, օրինակ՝ պատշգամբում, բայց ոչ թե շենքի վրա: Համայնատիրությունը իրավունք չունի որևէ մեկի հետ պայմանագիր կնքել և փակցնել իր քարոզչական նյութերը բազմաբնակարանային շենքի վրա»,- ասաց նա:

Եթե հաջողվեց գալ կոնսենսուսի, մենք արտահերթ նստաշրջան կնախաձեռնենք. Դավիթ Հարությունյանը ԸՕ նախագծի մասին