Մոգերինին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ. Reuters
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի հայտարարել է, որ օրվա ընթացքում Վիեննայում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ բանակցությունների համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Երկուշաբթի երեկոյան Վիեննայում կկայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով բանակցությունները, որոնց կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը։
Մոգերինին, ով հանդիպման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում, չի նշել՝ արդյոք նա կհանդիպի նախագահներին միասի՞ն, թե՞ առանձին, գրում է գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա:










