Թրամփը չի հասկանում՝ որտեղից են փախստականները գումար գտնում բջջային կապի համար
ԱՄՆ-ում ահաբեկչությունների վտանգը գալիս է փախստականներից և շատ իրատեսական է։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը, որն արդեն փաստացի ապահովել է հանրապետականների կողմից նախագահի պաշտոնին իր առաջադրումը։
«Շատ վատ բաներ տեղի կունենան։ Հարձակումներ կլինեն։ Հարձակումը կիրականացնեն այն մարդիկ, որոնք այժմ գալիս են մեր երկիր»,-ասել է նա՝ հավելելով, որ ինքն այդ հարցում կասկածներ չունի։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հանրապետականը, խտացնելով գույները, նկարագրել է ԱՄՆ տարածք փախստականների մուտքը՝ առանց գոյության միջոցների, սակայն բջջային հեռախոսներով, որը նրանց տրամադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
«Տեսեք, նրանք բջջային հեռախոսներ ունեն։ Նրանք փող չունեն, բացարձակ ոչինչ չունեն, բայց ունեն հեռախոս։ Ինչպե՞ս են վճարում բջջային կապի համար։ Նրանց հեռախոսների վրա ԻՊ-ի դրոշն է։ Եվ մենք դեռ պետք է ուրախանանք ու բղավենք՝ «հրաշալի է, չէ՞, փախստականների ընդունելը»»,-ծաղրել է նա։
Նա այդ սպառնալիքի մեղավոր է համարել նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին։
«Քլինթոնն ուզում է, որ սիրիացի փախստականները ողողեն մեր երկիրը։ Եվ մենք չգիտենք էլ՝ սիրիացինե՞ր են նրանք արդյոք։ Մենք գաղափար անգամ չունենք, թե ովքեր են նրանք, քանի որ նրանց մեծ մասն առանց փաստաթղթերի է գալիս»,-ասել է միլիարդատերը։










